«40 րոպե տեղ ափոխ ում էին բш նտ և ամ բողջ ճա նшպ արհին առ անձնшկի դա ժանու թյшմբ ծե ծ ում». BBC-ին զր ուցել է Ադրբեջшնում գե րու թյունից վե րադար ձած հш յերի հետ

Հանրահայտ  BBCհեռուստառադիոկորպորացիան ռեպորտաժ է պատրաստել հայ գերիների մասին` նշելով, որ պատերազմը  Լեռնային Ղարաբաղում ավարտված է, բայց մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր մարդիկ, հաստատ ոչ ոք չգիտի, հայ զինծառայողներ մի քանի ամիս է, ինչ գտնվում են Բաքվի բանտերում:  Նրանք տան համար նամակներում գրում են, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, բայց նրանք, ովքեր բախտ են ունեցել վերադառնալու, խոսում են անընդհատ ծեծի և անմարդկային վերաբերմունքի մասին: Զինվորականների հարազատները խնդրում են միայն մեկ բան՝ իրենց ամուսիններին, որդիներին և եղբայրներին վերադարձնել հայրենիք: Բայց իրավիճակը պարզ չէ. Ադրբեջանում ձերբակալվածները չեն համարվում ռազմագերիներ, այնտեղ նրանց մեղադրում են զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո իբր կատարված տարբեր հանցագործությունների համար: «Ողջույն, իմ սիրելի ընտանիք:

Նամակները ստացա և շատ ուրախ էի, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է: Ես լավ եմ, սիրելիներս: Պապ ջան, սիրելիս, մի հուսահատվիր: Ձեր որդին լավ է: Հոգ տարեք ձեր մասին, հետևեք առողջությանը: Մամ ջան, իմ սիրելի, թանկագին մայրիկ, հոգ տար քեզ, ոչ մի վայրկյան մի հուսահատվիր ու շատ մի անհանգստացիր: Պապ ջան, խնդրում եմ գնա մեր եկեղեցի, մոմ վառիր, սիրելիս»,-A4 թերթի վրա նամակը հայերենով գրված է 2021 թվականի մայիսի 25-ին: Ուղարկողը Սեդրակ Սողոմոնյանն է, որը անազատաության մեջ է գտնվում Բաքվում: 26-ամյա Սեդրակ Սողոմոնյանը տանն էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի մասին հռչակագիր են ստորագրել:  «Իսկ հետո զանգահարեցին. դիրքերում հերթափոխ էր: Այնտեղ՝ սահմանին, ամեն մեկը հսկում է իր տարածքը: Նրանք նաև ուզում էին վերցնել կրտսեր որդուս, բայց ես նամակ գրեցի, որ չի կարելի միաժամանակ երկու մարդ տանից տանել», – պատմել է Սեդրակի հայրը՝  Սամվելը: Վերջին անգամ հայրը և որդին հեռախոսով խոսել են դեկտեմբերի 13-ին, երեկոյան 16-ի սահմաններում: Սեդրակը ասել է, որ իրեն փոխարինում են, և որ շուտով կվերադառնա տուն: Դրանից հետո կապը խզվել է: Առավոտյան ընտանիքն իմացել է, որ որդին գերեվարվել է: «Ադրբեջանցիները շրջապատել են նրանց: Ասել են` տղերք, զենքերը վայր դրեք և դուրս եկեք, մենք ձեզ կհանձնենք մոտակայքում կանգնած ռուսներին: Բայց չեն հանձնել, խաբել են», – պատմել  է Սամվել Սողոմոնյանը: Սեդրակ Սողոմոնյանը և մյուս զինվորները տեղակայված էին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում:  Այնտեղ հեռախոսակապը վատ է, տեղանքը՝ դժվարանցանելի:

Պատերազմի վերջին գյուղը փաստացի գտնվել է առաջնագծում: Ըստ պայմանագրի՝ այդ հատվածում նոր գծում պետք է ռուս խաղաղապահներ լինեին: Սակայն համաձայնագրի կնքման պահին և հետագա մի քանի օրը բավական շատ շփոթություններ են եղել: Ռուս խաղաղապահներն իրենց քարտեզներում նշել են, որ գյուղն անցել է Ադրբեջանին և տեղակայվել են  գյուղից 15 կմ հեռու: Նույնը մտածում էին ադրբեջանցիները: Հայերը շարունակում էին իրենց զինվորներին փոխարինել գյուղի մերձակայքում գտնվող հենակետում: Չճանաչված ԼՂՀ-ում դեկտեմբերի 12-ի իրադարձությունները նկարագրում են այսպես. հայ զինվորականները կանգնած են եղել Հին Թաղերում, երբ գյուղին մոտեցել են ադրբեջանցիներ և նշել, որ տարածքն իրենց է պատկանում: Հայերը չեն համաձայնել: Հրաձգություն է սկսվել: Ուղիղ հարցին, թե ով է փաստացի այդ պահին վերահսկել այդ տարածքը, չի կարողացել պատասխանել Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը. «Կարծում եմ՝ այդ տարածքը վերահսկվում էր Հայաստանի կողմից, սակայն ես պետք է նորից ճշտեմ»: Ադրբեջանը տեղի ունեցածն անվանում է հակաահաբեկչական գործողություն: Ռուս խաղաղապահները տեղի ունեցածից հետո արագ ուղղել են իրենց քարտեզները՝ պատասխանատվության գոտում ներառելով Հին Թաղերը: Այժմ Բաքուն ձերբակալվածներին անվանում է «զինված խմբավորման անդամներ»:  BBC-ի այն հարցմանը, թե Հայաստանի քանի քաղաքացի է ձերբակալվել համանման մեղադրանքներով, Բաքուն չի պատասխանել: Հատկանշական է, որ Արման Թաթոյանի անձնական հաշավարկի համաձայն` խոսքն առնվազն 300 գերու մասին է: Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ հայ ռազմագերիներին ստորացնելու մասին պնդումներն անհիմն են: Հիմա հայրենիք վերադարձած հայ զինվորները խոսում են Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Հակոբ Հովհաննիսյանը ՝ լայն ժպիտով նիհարիկ տղան, անմիջապես խնդրում է չնշել իր իսկական անունը և զգուշացնում. «Եթե ինչ-որ բան ասելով կարող եմ վնասել այնտեղ գտնվող տղաներին, կնախընտրեի չխոսել…»: Հակոբն ու մյուս ծառայողները շրջափակման մեջ են ընկել անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին` Մատաղիսում:  Շրջափակման մեջ են մնացել 20 օր, հետո գերի վերցվել: «Մենք համոզված էինք, որ նրանք մեզ կանգնեցնելու են և սպանելու: Այս դեպքի համար մենք նռնակ ունեինք մեզ պայթեցնելու նպատակով, բայց չկարողացանք  հերոսի պես մեռնել»,-վերհիշել է Հակոբը, որը սկզբում հայտնվել է Բաքվի ռազմական ոստիկանության բաժանմունքում: 

«Խցիկը մեծ էր: Սակայն մեզ պահում էին ձեռնաշղթաներով: Սկզբում խցիկում միայն մեկ ձերբակալված կար, հետո նրան տարան ու մենակ մնացի: Ծեծը շարունակվել է չորս օր` յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով: Զուգարան չէինք կարողանում գնալ: Ես չէի ուտում և չէի խմում երեք օր»,-պատմել է նախկին գերին: Հինգերորդ օրը Հակոբին տեղափոխել են Ադրբեջանաի պետական անվտանգության ծառայության բաժանմունք, որտեղ ծեծը նորից շարունակվել է: «Ամեն օր մեզ հարցաքննում էին և կրկին ծեծում, սակայն արդեն ավելի ուժեղ: Հոկտեմբերի 29-ին մեզ 40 րոպե տեղափոխում էին բանտ և ամբողջ ճանապարհին առանձնակի դաժանությամբ ծեծում»: Հարցաքննության ժամանակ քննիչներին հետաքրքրել է տանկերի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բունկերի տեղը: Լսելով Սեդրակ Սողոմոնյանի նամակի մասին, որում զինվորն ասում է, որ իրեն լավ է զգում, Հակոբը գլուխը շարժում է.«Այնտեղից անհնար է որևէ ազդանշան ուղարկել: Մեզ ասացին, որ եթե ավելորդ բան գրվի, նամակը տեղ չի հասնի: Կարմիր խաչը միանգամից չի վերցնում նամակները, նախ դրանք կարդում են Ադրբեջանի իշխանությունները, մարդիկ, ովքեր լավ խոսում են հայերեն: Հետևաբար, դուք փորձում եք գրել միայն` ամեն ինչ լավ է, ես կվերադառնամ տուն: Եվ ես նույն կերպ եմ գրել»: Մեկ այլ գերի` Կարինա Սարգսյանը, սրբում է արցունքները: Նրա իրական անունը շատերին հայտնի է, բայց նա խնդրում է այն չնշել, քանի որ չի ցանկանում, որ իր պատմությունը կրկին հիշեն հայկական լրատվամիջոցները:  Մի քանի ամիս առաջ Կարինան դարձավ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հերոսուհին, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Տեսանյութում վերմակի մեջ փաթաթված կինը կանգնած է տան շեմին, երբ նրան են մոտենում երկու զինվոր. «Մենք ադրբեջանցի զինվորներ ենք, եկել ենք մեր հայրենիք»

«Բարի գալուստ ձեր տուն», – պատասխանում է կինը:  «Երբ ինձ գերի վերցրին, ասացին` պետք է ձերոնց տեղեկացնենք, որ դու մեզ մոտ ես: Բայց պետք է կարդալ այս տեքստը`բարի գալուստ ձեր տուն։ Նրանք գտան մի ինչ-որ մառան, այնտեղ` ծածկոց, գցեցին վրաս։ Ես արդեն հազիվ էի կանգնում։ Նրանք ինձ վալերիանկա տվեցին։ Չնայած ես կասկածում եմ, որ դա վալերիանկա էր, որովհետև հանկարծ ամեն բան ինձ համար մեկ դարձավ։ Պարզապես մեկ»,-նշել է կինը։ «Ես զինվորական մարդ եմ, ինձ համար սա երրորդ պատերազմն է։ Երբ գնացի, այնտեղ (Ջրական, Ջեբրայիլ) շատ վիրավորներ կային, շատ դիակներ։ Եվ պետք էր առաջին օգնություն ցուցաբերել, որպեսզի հետո տղաներին ուղարկեինք հոսպիտալ։ Այստեղ թոքերի բորբոքում ստացա։ Եվ երբ նահանջելու ժամանակն էր, հասկացա, որ ծանր քաշի, այտուցների և հիվանդության պատճառով պարզապես չեմ կարող լեռներ բարձրանալ»,-նշել է Սարգսյանը` հավելելով, որ մնացել է մենակ։ Երեք օր Կարինա Սարգսյանը անցկացրել է շրջափակման մեջ։ Հետո դուրս է եկել  քիչ, թե շատ հարթ ճանապարհ և առաջ գնացել։ Ապա ձայներ է լսել։ Ադրբեջանցիներն էին։ Կինը թաքնվել է ձորակում, նրան չեն նկատել։ Նա գիտեր, որ ձորակից երեք կիլոմետր հեռու հայկական հոսպիտալն է։ Ձորակներով անցնելով ու շրջանցելով ադրբեջանցի զինվորներին՝ նա հասել է շենք։ Բայց այնտեղ արդեն մարդ չկար։ Տարածքն անցել էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։

Նախկին հոսպիտալից ոչ հեռու լքված խանութ էր… Կարինան թաքնվել է շինությունում։ Մի քանի անգամ խանութ են մտել զինվորականներ, թեյ, սուրճ, ծխախոտ, թխվածք ու ջուր վերցրել։ «Բայց ինչ-որ պահի ես, հավանաբար, քնել եմ։ Եվ նրանք իմ խռմփոցից հասկացել են, որ շինությունում մեկը կա։ Ինձ սկզբում ծեծեցին փայտով։ Հետո, երբ ասացի, որ հանձնվում եմ, ինձ դուրս քաշեցին, բռնեցին մազերիցս, սկսեցին քարշ տալ այս ու այն կողմ, շորերս պատառոտել, ձեռք գցել։ Եվ կիսամերկ վիճակում 800 մետր աքացիներով քշեցին ինձ։ Չեք պատկերացնի. երբ դեպի քեզ են ձգվում այդ բոլոր գարշահոտ ձեռքերը, բայց ոչինչ անել չես կարող»,- վերհիշել է կինը։ Հետո եկել է «գլխավորը»՝ Իբրահիմը, որի կոչումն ու ազգանունը Կարինան չի հիշում։ Նա արգել է զինվորականներին ձեռք տալ կնոջը։ Դրանից հետո էլ նկարահանվել է հանրահայտ տեսանյութը, որտեղ Կարինան ողջունում է ադրբեջանցի զինվորականներին «իրենց տանը»։ Հատկանշական է, որ կինը զինվորական հագուստով չի եղել, և Իբրահիմը հավատացել է, որ նա տեղի բնակչուհի է։ Կարինային տարել են Բաքու, հիվանդանոց են պառկեցրել և անգամ արձանագրել ծեծի հետքերը։ Կնոջը մեքենա են նստեցրել, պտտել քաղաքով մեկ, ցույց տվել ծովափը, տեղի սրճարանում կերակրել կուտաբով ու փախլավայով։ «Իսկ հետո նրանք ասացին, որ պետք է հանդես գամ մամուլի ասուլիսով։ Նրանք ինձ տվեցին տեքստը, որը պետք էր կարդալ։ Ադ տեքստում ես մեղադրում էի Հայաստանն ագրեսիայի և հնարավոր բոլոր մեղքերի համար։ Իսկ վերջում պետք է ասեի, որ ոչ մի պատերազմ չենք ուզում, և Փաշինյանն է, որ հրաման է տվել հավաքել տղամարդկանց ու ուղարկել պատերազմ»,- նշել է կինը:  Մամուլի ասուլիսից հետո Կարինային նորից հիվանդանոց են տարել։ Նույն օրվա երեկոյան ադրբեջանցիները պարզել են, որ կինը պարզապես խաղաղ բնակչուհի չէ։ Այդ պահից Կարինային տանում են մեկուսարան։ Սկսվում են հարցաքննությունները Դեկտեմբերին Կարինային հանձնել են Հայաստանին։ Հայրենի գյուղում նրան դիմավորել է Պուշոկը՝ միակ կենդանի էակը ընտանեկան տանը։ Հիշելով սիրելի կատվի մասին՝ Կարինան առաջին անգամ ժպտում է։

Աղբյուրը https://ipress.am/hy/page/40r-texapoxum-ein-bant-u-amboxj-janaparhin-dajan-cecum?fbclid=IwAR1sj3BUyHITRGtzy4NtypBXbzZkZpmX6exKyQOzTcSi7B4B3JpLBsgyuzw

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *