ՀԱՊԿ-ը մտավ Բաքվի պահանջների ենթակայության տակ

ՀՀ Ազգային ժողովի նիստին դժգոհություններ եղան Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ու ՀԱՊԿ պարտավորությունների կատարման կապակցությամբ: Բաքվի զինված ներխուժումից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին. Մոսկվայից պատասխան չկա, իսկ ՀԱՊԿ-ում «խորհրդակցությունների մեխանիզմ է գործարկվել», ինչպես պնդում են պաշտոնական աղբյուրները: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, թե «չեմ կարծում, որ Հայաստանի դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները։ Օրինակ՝ ՀԱՊԿ-ը դեռ ունի ընթացակարգեր, ինստիտուտներ, մեխանիզմներ նաև, նաև ՌԴ հետ մեր երկխոսությունը շարունակվում է», ավելացնելով, թե պետք է համբերատար ու լավատես լինել։

Դիմելն իհարկե պետք էր, հանրության բավական լայն շերտերի մոտ կաղապարներն ու պատրանքները ցրելու, «եթեների» տեղ չթողնելու համար: Քաղաքականության մեջ որքան «եթեները» քիչ, այնքան լավ՝ կողմնորոշվելու եւ սեփական անելիքը ծրագրելու համար: Այս առումով, ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմելու արձագանքները անգնահատելի նյութ են: Դրանցից պետք է առանձնացնել երկուսը: «Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին ծագած սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ: Նախ քաղաքական-դիվանագիտական բնույթի, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցերի լուծում», ասել է ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Այսինքն, ՀԱՊԿ-ը «ելքը» տեսնում է Մոսկվա-Բաքու ծրագրերի իրականացման մեջ:

«ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում Ադրբեջանի համար: Միակ բանը, որ կարող է խանգարել մուտքին, կանոնակարգի դրույթն է, ըստ որի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու համար նրա անդամների միջև դիվանագիտական հարաբերություններ պետք է լինեն։ Ադրբեջանի ու Հայաստանի միջև առայժմ չկան նման հարաբերություններ։ Երբ դրանք հաստատվեն, հույս ունենք, վաղ թե ուշ կլինի դա, այդ հարցն էլ կարող է գործնական հարթություն մտնել», հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռուդենկոն: Կրկին, ՀԱՊԿ պայմանագրային պարտավորությունների խնդիրը պայմանավորվում է Բաքվի գործոնով, որը կարող է լուծվել Հայաստանին Մոսկվա-Բաքու ծրագրերի պարտադրման միջոցով: Ռուդենկոյի խոսքն ակնհայտորեն ուղղված է նաեւ Ռուսաստանի ներքին այն շրջանակներին, որոնք հարցադրումներ են անում Կովկասում Ռուսաստանի քաղաքականության կապակցությամբ: Դրանք վերաբերում են Ռուսաստանի կրած իմիջային խոշոր կորուստներին՝ ռուսական սպառազինության պարտության եւ դաշնակիցներին հանձնելու հանգամանքներին: Դրա հետեւանքներն իրենց արդեն զգացնել են տալիս: «Այդ ամենն արվում է Բաքվին ՀԱՊԿ մտցնելու համար»՝ մոտավորապես սա է Ռուդենկոյի պատասխանն այդ մեղադրանքներին:

Մի բանում բոլորը ճիշտ են՝ երկիրը պետք է կարողանա պաշտպանել իրեն: Բացի այդ, Հայաստանի շահերի շուրջ միջազգային աննախադեպ արձագանքները ռուս-թուրքական կաղապարից դուրս քաղաքական դերակատարություն ստանձնելու եւ անվտանգային եւ այլ խնդիրները լուծելու հնարավորություն են: Ռուսաստանը բացառել է հայկական զինված դիմադրությունը եւ միջազգային ատյաններին դիմելը. Իշխող ռուսամետ խումբը եւ քաղաքական դասի ռուսանպաստ հատվածը, որոնց շուրջ Մոսկվան կազմակերպել է «երկբեւեռ ընտրությունը»՝ Հայաստանի ինքնիշխանության մնացորդները վերացնելու ու երկիրը ներսից լիարժեք քանդելու համար, առայժմ ծառայում են այդ նպատակներին: Խոսքը այն ուժերինն է ու հանրության գերակշիռ հատվածինը, ովքեր մերժում են այս ծրագրերը:

Աղբյուրը https://www.lragir.am/2021/05/26/644331/?fbclid=IwAR050hxO_xuc1_v7_yn5JWdQh37TByYS7_poQTKS7xl90f1SmvZM1r3_zlI

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *