Սեպտեմբերից ինչպ ե՞ս կկш զմшկ երպվի դшս шպրո ցեսը

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու և նոր ուսումնական տարում դասապրոցեսի կազմակերպման հնարավոր տարբերակները նախորոշելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է հանդիպում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը, աշխատանքային քննարկմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները պետք է փոխօգտավետ լինեն և՛ կրթական, և՛ առողջապահական ոլորտների համար: «Անխոս, պետք է հաշվի առնենք հանրապետությունում առկա համաճարակաբանական իրավիճակը և ըստ այդմ՝ գտնենք լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության, պատվաստումային գործընթացների ներկայիս դինամիկան և դրանցով պայմանավորված դասապրոցեսի կազմակերպման ձևերի վերաբերյալ դիրքորոշումը։

«Հասկանալի է, որ սովորողներն ամիսներ շարունակ պետք է չզրկվեն առկա ձևաչափով կրթությունից, բայց և պետք է չկորցնել զգոնությունը: Այս իրավիճակում ամբողջ աշխարհն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում զգուշորեն վերաբերվել հակահամաճարակային սահմանափակումները թուլացնելու հարցին: Ուսումնական գործընթացն առկա ձևաչափով կազմակերպելու համար առաջնահերթ անհրաժեշտ է պատվաստումների բավարար մակարդակ»,– ասել է նա:

Կողմերը համակարծիք են եղել, որ դասապրոցեսն առկա ձևաչափով և առանց դասարանների բաժանման կազմակերպելու համար ուսհաստատությունների աշխատակիցների շրջանում պատվաստման մակարդակը պետք է լինի առնվազն 60-70%: Անդրադարձ է կատարվել նաև սանիտարական և համաճարակային այն պահանջներին, որոնց բավարարման դեպքում հնարավոր կլինի կազմակերպել կրթական գործընթացը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ակտիվ աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ դպրոցներին անհրաժեշտ միջոցներով ապահովելու նպատակով. «Դպրոցները կստանան հակահամաճարակային կանոնները պահելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը: Այս առումով որևէ խնդիր չի առաջանա»:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև պատվաստման գործընթացն ուսումնական հաստատություններում կազմակերպելու հնարավորություններին: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ աշխատակիցների կողմից ցանկության դեպքում Առողջապահության նախարարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բժշկական կրթական ծրագրեր իրականացնող նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ծրագրերի որակը բարձրացնելու տարբերակները, դրանց համապատասխանությունն առողջապահական համակարգի ներկայիս պահանջներին: Նշված հարցերի վերաբերյալ վերջնական և արդյունավետ որոշում կայացնելու նպատակով կողմերը բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Աղբյուրը https://linivec.ru/2021/07/21/%d5%bd%d5%a5%d5%ba%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab%d6%81-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%af%d5%af%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%ba%d5%be%d5%ab-%d5%a4%d5%a1/?fbclid=IwAR2TrTu5bCawy0EheCvrvBR7JEVtxLuG5w-oFDY3QiIj429PrLLRSllaGec

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *