Հայաստանը պե տք է վե րшն այի ՀԱՊԿ-ի հետ հшրա բերությու նները, ընդ հուպ՝ սш ռեց նի шնդա մшկցու թյունը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը հայտարարել է, որ անհրաժեշտ է Տաջիկստանին աջակցություն ցույց տալ Աֆղանստանի հետ սահմանին իր անվտանգությունն ապահովելու համար։ Նրա խոսքերով՝ իրավիճակը սահմանին շարունակում է  վատանալ և դա ՀԱՊԿ-ին լրջորեն անհանգստացնում է․ «Կա հստակ դիրքորոշում, որ Տաջիկստանին պետք է օգնություն տրամադրել հենց անվտանգությունն ապահովելու համար»,-հայտարարել է նա։ Զասի այս հայտարարությունը հատկապես ուշագրավ է օրերս  Հայաստանի դիմումին ուղղված պատասխանի ֆոնին ։

Պաշտոնական Երևանի դիմումից մեկուկես ամիս անց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարեց, թե  Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է» և չի համապատասխանում կազմակերպության կանոնադրության դրույթներին։ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», – ասել է Զասը։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ն այսպիսով ի ցույց է դնում իր առաջնահերթությունները․ «Ի վերջո գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որը կոչված է սպասարկելու Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում։ Ընդ որում՝ դա արվում է  բացառապես միակողմանի։ Ըստ այդմ էլ  իրենց հայտարարություններն ու քայլերը կատարում են հենց այդ առաջնահերթությունների թելադրանքով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստանը պետք է վերանայի իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ հատկապես այն մասով, որ մասով Հայաստանի վրա ավելորդ սահմանափակումներ են դրվում։ Այսինքն՝ Հայաստանը ստանձնում է ինչ-որ անհասկանալի պարտավորություններ, որոնք իրենց մեջ սահմանափակումներ են պարունակում բոլոր այն ուղղություններում, որը Հայաստանին  անհրաժեշտ է արտաքին աշխարհի հետ հարաբերություններ հաստատելու համար։ Խոսքը վերաբերում է հատկապես անվտանգության քաղաքականությանը, ռազմատեխնիկական համագործակցությանը և նաև պաշտպանական քաղաքականությանը։ Այս ամենը Հայաստանին պետք չէ, Հայաստանի կողմից նման  սահմանափակումների ստանձնումը որևէ ձևով հիմնավորված չէ և այո՛ Հայաստանը պետք է իրեն ազատ համարի այդ սահմանափակումներից՝ մինչև այդ թղթաբանության ավարտը։ Ընդ որում՝ թե՛ բարոյական և թե՛ քաղաքական տեսակետից»։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է Հայաստանն այդ դիմումը ՀԱՊԿ-ին ուղղեց, որպեսզի ցույց տա այդ կառույցի անգործությունը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես իմաստ չեմ տեսնում դրա շուրջն առանձնապես ծավալվելու, բայց փաստորեն ստացվեց, որ Հայաստանն այդ ողջ իրավապայմանագրային բազան ՀԱՊԿ-ի հետ դրեց շարժման մեջ քանի որ այդ մարտահրավերը մեկին մեկ համապատասխանում էր այդ պայմանագրերից բխող պարտավորություններից, բայց ի պատասխան մենք ստացանք մի եզրակացություն, ըստ որի   ՀԱՊԿ-ում չկա հավաքական ոչ մի բան, ոչ մի անվտանգություն։Այդ պայմանագիրը նույնիսկ ավելի թեթև է քան այն թուղթը, որի վրա այն շարադրված է։ Այստեղ կազմակերպություն էլ չկա։ Բոլորը ենթարկվում են Ռուսաստանի միակողմանի շահերին»,- ընդգծեց նա։

Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ ժամանակն է, որ մենք բաց  խոսենք այն մասին, թե որտեղ են մեր շահերը համապատասխանում Ռուսաստանի հետ և որտեղ ՝ոչ․ «Մենք տեսնում ենք, որ ՌԴ արտգործնախարարությունը ոչ բարեկամ երկրների մի ցանկ է հրապարակում, որտեղ Հայաստանի համար ոչ մի ոչ բարեկամ երկիր չկա։ Բայց դրանք ոչ բարեկամ են Ռուսաստանի համար։ Ավելին՝ այդ երկրների մեծ մասը շատ ջերմ բարեկամներ են Հայաստանի Հանրապետության համար։ Եվ մյուս կողմից՝ այն երկրները, որոնք թշնամաբար են վերաբերում Հայաստանին, Ռուսաստանի շատ ջերմ բարեկամներն են։ Եթե մենք հասկանում ենք, որ մեր խնդիրների համար Ռուսաստանը պրոբլեմի լուծում չէ՝ իրավունք ունենք անել բոլոր այն քայլերը, որը թույլ չի տա, որ Ռուսաստանն ինքնին վերածվի պրոբլեմի»։ Կարո՞ղ ենք ընդհուպ դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարցին ի պատասխան քաղաքագետն ասաց․ «Ամեն ինչ էլ կարող ենք։ Կարող ենք սառեցնել մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշակի արձանագրություններ ու համաձայնություններ կարող ենք վերացնել։ Նկատի ունեմ նրանք, որոնք սահմանափակում են Հայաստանի հնարավորությունները։ Իսկ  անդամակցության հետ կապված, կարող ենք սառեցնել և հետո մտածել՝ ինչ ենք անում»։

Աղբյուրը https://www.1in.am/2973355.html?fbclid=IwAR2BQRgY9FiR2xMPko7FLsKeONRSkvJ6Jnx02J_5tOMj13TT2st8PQqahck

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *