«Ասեցի՝ Սարգի՛ս ջան, ի՞նչ ш եղել Նարեկին, ծնկ ի եկա վ, шս եց՝ մա՛ մ, шս ում են՝ Նարեկը զո հվ ել ш»․ մшյրն ш սում է՝ որդին զո հ վել է ընկ եր ոջ կյшն քը փր կել իս

«Վերջին անգամ Նարեկիս հետ խոսել եմ հոկտեմբերի 31-ին, երևի ինձ նախապատրաստեց, ասեց՝ մա՛մ, գիտե՞ս՝ տղեդ քանի անգամ ա մահից պրծել, հիմա տղեդ պիտի զոհված լիներ։ Ես առաջին անգամ լաց եղա, ինքն ինձ խստորեն ասեց՝ լսո՞ւմ ես, մա՛մ, լաց չլինե՛ս, ասեց՝ առավոտ ես քեզ կզանգեմ․․․»- հուզմունքով հիշում է 43-ամյա Կարինե Բադալյանը ու նշում, որ հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, որդին զոհվել է Մարտունու Կամար դիտակետում։ Նարեկ Գինոսյանը 8 ամսվա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ծառայել է Հադրութում, սեպտեմբերի 23-ին որպես լավագույն զինվորի Նարեկին ուղարկել են Արմավիր՝ սերժանտական կուրսերի։ Մայրն ասում է՝ որդին պատերազմի լուրն իմանալուն պես կիսատ է թողել կուրսերը և ինքնակամ մեկնել Արցախ։  «Մեզանից թաքուն ա արել, հետո ենք իմացել, մենք մտածեցինք՝ իրեն են տարել, բայց ինքն ասել ա՝ ես էստեղ անելիք չունեմ, ստիպողաբար թղթերը ստորագրել ա, Հայաստանից շտապօգնության մեքենայով գնացել Արցախ»։ Կարինեի խոսքով՝ որդուն տարել են Խոջալու, սակայն Նարեկը ընդամենը մեկ օր է այնտեղ մնացել, միացել է հատուկջոկատայինների և գնացել ամենաթեժ կետեր՝ դեպի Ջրական։

«Մեզ մինչև վերջ ասել ա՝ Խոջալու ա, բայց առաջին օրվանից, երբ Նուբարաշենի հատուկջոկատային տղաները եկել են Խոջալուի պահեստից զենք, սնունդ վերցնելու, տղես խնդրել ա իրանց, ասել ա՝ ես էլ ուզում միանամ, ասել են՝ մենակ ոչ մեզ հետ, մենք նենց տեղ ենք գնում, ոնց որ մահապարտներ, չգիտենք՝ հետ կգա՞նք, թե՞ չէ: Տղես ասել ա՝ ես էլ կգամ, իրանցից շուտ նստել ա «Ուրալը», ինչ արել են՝ չի իջել»,- պատմում է մայրը։ Կարինեն ասում է՝ պատերազմի դաշտում որդու հերոսությունների մասին իմացել են Նարեկի զինակից ընկերներից, քանի որ Նարեկը երբեք չի պատմել, թե ինչերի միջով է անցնում, ընդհակառակը՝ հումորով ու կատակով է խոսել ու ծնողներին ասել, թե ամեն ինչ լավ է։ Մայրն ասում է՝ որդին որոշումների մեջ շատ վճռական էր, որևէ մեկը չէր կարող իրեն իր որոշումից հետ պահել։ Իսկ Ջրական գնալու համար, Կարինեն ասում է՝ որդին նպատակ ուներ․  «Իր մանկության ընկերը՝ Գուրգենը, էնտեղ է ծառայել, զոհվել է հենց առաջին օրը, դիպուկահար է եղել: Նարեկն ամբողջ պատերազմի ժամանակ ման ա եկել Գուրգենին, չի գտել, ասել ա՝ մնում ա մի տեղ, էնտեղ էլ կհանդիպենք, այսինքն՝ երկնքում»։ Կարինեն ասում է՝ երբ հոկտեմբերի 31-ից հետո տղայից լուր չեն ստացել, նոյեմբերի 16-ին ամուսինը մեկնել է որոնողական աշխատանքների, այդ ժամանակ են իմացել, որ Նարեկը եղել է պատերազմի գրեթե բոլոր թեժ կետերում։

«Ասել են՝ քո տղեն, բացի Թալիշից ու «Եղնիկներից», ամեն տեղ եղել ա՝ Ասկերանում, Հադրութում, Մարտունի 2, 3-ում, Մարտունու շրջանի գյուղերում, Վարանդայում, Ֆիզուլիում»։ Մոր խոսքով՝ որդին հոկտեմբերին 29-ին առաջին անգամ հանդիպել է իր վաշտի տղաներին, մինչև այդ կռվել է հատուկջոկատայինների հետ։ «Տղաներն անգամ զարմացել են, ասել են՝ ի՞նչ գործ ունես ստեղ, դու ուրիշ տեղ պետք ա լինեիր, ասել ա՝ տղե՛րք, դուք ի՞նչ էիք կարծում, ես ձեզ մենա՞կ էի թողելու, անգամ կատակել ա՝ դուք գաք, ձեր համար թուրք սպանեք, ես ձանձրանա՞մ»։ Կարինեն ասում է՝ որդին բացարձակ վախի զգացողություն չի ունեցել, անգամ կրակելիս անեկդոտներ է պատմել ընկերներին:

«Ամեն օր ասում եմ՝ ես գիտեի, տղե՛ս, որ ուժեղ ես, բայց էսքա՞ն, չի կարա մարդը իրան էդքան հավաքի էդ վատ իրավիճակի մեջ ու մեզ հետ խոսելիս էլ ուրախ խոսա, կատակ անի»։ Ընկերները պատմում են՝ որտեղ իրան պետք չէր, իրան կգցեր, անգամ երբ հրամանատարությունը որոշել ա՝ ո՛նց գնան վիրավորներին բերեն, մեկ էլ տեսել են՝ Նարեկը, ամեն ուսին վիրավոր տղաներին դրած, խրամատներից բերում ա:  Նարեկը Գինոսյանը զոհվել է նոյեմբերի 1-ին՝ թեժ կռվի ժամանակ վիրավոր ընկերոջը օգնության հասնելիս։ «500 հոգանոց ադրբեջանական դիվիզիա ա հարձակվել, Նարեկը սկզբում կռվել ա, հետո ասել են՝ վիրավորներ ունենք, ու քանի որ ինքը ֆիզիկապես լավ պատրաստված էր, գնացել ա, հինգ վիրավորի հանել-բերել ա, հետո նահանջ են տվել, վաշտի տղաներից մեկը գոռացել ա՝ վիրավոր եմ։  Նարեկը որ ուզել ա հետ գնա, տղերքն ասել են՝ մի՛ գնա, թուրքերը լցված են, տղես ասել ա՝ չեմ կարա չգնամ, թողեմ իմ ընկերը գերի՞ մնա… Վազել ա, վիրավոր ընկերոջը դրել ա մեջքին, ու էդ ժամանակ անօդաչուն խփել ա»,- կսկիծով պատմում է մայրը։

Կարինեն ասում է՝ այդ պահին Նարեկի ընկերներից քեռի Կարենն էլ վազել է Նարեկի հետևից՝ մտածելով, որ մեջքին վիրավոր կար, հնարավոր է՝ Նարեկը փրկված լինի, սակայն հասնելուն պես դիպուկահարը հարվածել է Կարենին․ «Խփում են Կարենի սրտին, ու Կարենն էլ զոհվում ա իմ տղայի հետ»։ Մայրն ասում է, երբ իրավիճակը մեղմացել է, ընկերները գնացել են որդուն դուրս հանեն, տեսել են՝ Նարեկը ժպիտը դեմքին է զոհվել։ «Անգամ մտածել են՝ կատակ ա անում, էնքան բնական ա եղել ժպիտը»։ Կարինեն ասում է՝ նոյեմբերի 2-ին տղայի զինակից ընկերներից մեկն է զանգել ընտանիքին ու տեղյակ պահել Նարեկի զոհվելու մասին։ «Ես դուրս էի գալիս տնից, ու ականջիս հասավ փոքր տղայիս ձայնը՝ հա՛, Նարեկի եղբայրն եմ… Ես միանգամից քարացա, կանգնեցի միջանցքում, տղես նենց դառը «վա՜խ» արեց։ Ասեցի՝ Սարգի՛ս ջան, ի՞նչ ա եղել Նարեկին, ինքը ծնկի եկավ, ասեց՝ մա՛մ, ասում են՝ Նարեկը զոհվել ա… Երանի էդ չլսեի, ահավոր էր։ Ամեն ինչի սպասում էի, բայց ոչ իմ բալի զոհվելուն»,- կսկիծով ասում է մայրը։

Կարինեն ասում է՝ չնայած իմացել էին լուրը, բայց հույս ունեին, որ թյուրիմացություն կլինի։ Մտածում էին՝ գուցե որդին ուշաթափված եղած լինի, գուցե՝ վիրավոր։ Եվ սկսել են որդուն փնտրել և՛ հիվանդանոցներում, և՛ դիահերձարաններում, մինչև նոյեմբերի 18-ը, երբ Կարմիր խաչի օգնությամբ որդու մարմինը դուրս է բերվել չեզոք գոտուց։ Նարեկը բռնցքամարտիկ էր, սովորել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, այնուհետև ընդունվել ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել բանակ։ Մայրն ասում է՝ որդու երազանքն էր բանակից հետո իր ծննդավայրում՝ Կոտայքի Գեղաշեն համայնքում մարզասրահ բացել և սաներին դասավանդել։ Որդու մահից հետո երազանքը իրագործվել է համայնքի ղեկավարի ու բարերարների շնորհիվ. «Հիմա իմ տղայի մարզիչը մարզում ա գյուղի սաներին։ Նարեկիս երազանքներից էր նաև տղամարդու հագուստի սրահ ունենար, պատերազմի ժամանակ էլ հորն ասում էր՝ պա՛պ, դու տարածք նայո՞ւմ ես, հետաքրքրվո՞ւմ ես, գամ, բիզնեսը դնեմ»,- հոգոց հանելով ասում է մայրը։

Կարինեն ասում է՝ թեև որդին 19 տարեկան էր, բայց հասուն մարդու խելք ուներ։ Միշտ մորն ասել է՝ կյանքի իմաստը երկար ապրելու մեջ չէ, կարևորը՝ իմաստալից կյանքն է և լավ անուն թողնելը։ «Ասում էր՝ ավելի լավ ա կարճ ապրեմ, բայց ինձնից հետո լավ անուն թողեմ… Հաճախ էր կրկնում, որ 18 տարվա կյանք ունի»։ Մայրն ասում է՝ որդին հայրենասեր էր, բայց ոչ թե խոսքով, այլ գործով ցույց տվեց իր հայրենասիրությունը։ Նշում է, որ որդին պաշտում էր Մոնթեին, Ապրիլյան պատերազմից էլ իր հերոսը Աբաջյանն էր։ Մայրը հիշում է, երբ որդին ոգևորված զանգել ու ասել էր, որ Աբաջյանի դիրքում է:  «Դիրքը հետ էին վերցրել, ասեց՝ մա՛մ, գիտե՞ս՝ ում դիրքում եմ՝ Աբաջյանի, մենք հետ վերցրինք թուրքերից։ Բայց, ցավոք, նորից մնաց, Կամար դիտակետն էլ մնաց հակառակորդին»։ Նարեկ Գինոսյանը հետմահու պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» և Արիության մեդալներով։

Կարինեն ասում է՝ ծանր է վիշտը ու կորուստն անդառնալի, բայց փորձում է իրեն ուժեղ պահել․
«Ես թուլանալու իրավունք չունեմ, որովհետև Նարեկի մաման եմ, ոնց որ իմ Նարեկն ա ուժեղ եղել, մինչև վերջ պայքարել, ուժ գտել իր մեջ, որովհետև ամոթ ա, եթե 19 տարեկան տղեն վախ չի ունեցել ու մահին ժպտալով ա գնացել, ես էլ չպետք ա թուլանամ»։

Աղբյուրը https://medialab.am/204317/?fbclid=IwAR0V21UNjK-0EbkOIWzo_X98VCdnV4Cm9yzCyfTVzXid1yV3SPOA3OEFvSE

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *